2015-ին աշխարհը կմիանա հայերին. Ֆրանսիայի Հայ դատի ձեռնարկները

(armenpress.am) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումների մեկնարկը Ֆրանսիայում կտրվի հաջորդ տարվա հունվարից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը` շեշտելով, որ միջոցառումները Եվրոպայում և ամբողջ աշխարհում թույլ կտան պայքարի պատմությունը բաժանել «մինչ 2015 թվականը և 2015-ից հետո»:

«2015 թվականը շատ կարևոր տարի է լինելու թե Ֆրանսիայում, թե աշխարհի մյուս երկրներում: Ամեն տեղ ծրագրերը շատ բարձր մակարդակով են կատարվելու, Թուրքիայի համար շատ վատ տարի է լինելու, քանի որ բոլոր երկրներում հանրային կարծիքը, մամուլը, հեղինակավոր անձնավորությունները կմիանան մեզ, ու այն լուրջ մտահոգություն կառաջացնի Թուրքիայի համար: 2015 թվականի հունվարից կսկսվեն պաշտոնական ձեռնարկները, հանդեսները, հրատարկությունները, ֆիլմերի ցուցադրությունները, մեդիաներում հոդվածների, ռեպորտաժների թողարկումը, քաղաքապետարաններում ցուցահանդեսները: Ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահը պետք է գա այստեղ, առաջին նախագահն է, որ հայտարարեց այդ մասին, պետք է որ Եվրոպայի կամ աշխարհի տարբեր երկրների նախագահներ միանան: Շատ լուրջ հետևանք պետք է ունենա»,-նշեց Մուրադ Փափազյանը:

Նրա խոսքով` հիշատակման միջոցառումների առանցքում պետք է լինի Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու ռազմավարությունը: «Պատգամը, որ պետք է հնչի 2015-ին, այն է, որ ճար չկա, դուք ոչ միայն պետք է ճանաչեք, այլև հետևանքները պետք է հաշվի առնեք: Այնքան ուժեղ ձևով պետք է աշխատենք, որ Թուրքիան այն տպավորությունն ունենա, որ այլ ելք չունի»,-ընդգծեց զրուցակիցը:

Մուրադ Փափազյանի համոզմամբ` Ֆրանսիայի հասարակությունը Հայոց ցեղասպանության թեմայով ամենատեղեկացվածներից է, ինչը ֆրանսահայ համայնքի երկար տարիների լուրջ աշխատանքի արդյունքն է: «Շատ ջանք թափեցինք, որ ամենաբարձր` նախագահի մակարդակով լսելի դարձնենք մեր դատը: Ֆրասուա Օլանդն առաջին նախագահն է, որ մասնակցել է ֆրանսահայ գաղութի կազմակերպած ցեղասպանության հիշատակի արարողությանը»,-նշեց Մուրադ Փափազյանը` հավելելով, որ արդեն երկու տարի է` Ֆրանսիայի ավագ դպրոցների աշակերտներն իրենց դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին թեմա ունեն: Հայ դատի հանձնախումբը մասնակցել է այդ տեքստի կառումանը, մասնագետները տարիներ շարունակ աշխատել են Ֆրանսիայի կրթության նախարարության հետ»,-հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը: