Ալիեւի գործողությունները կարող են պատերազմ հրահրել

(news.am) Օգոստոս 31 – Եթե աշխարհը չկանգնեցնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, նրա գործողութունները կարող են պատերազմ հրահրել. փոքր հարձակումները կարող են հանգեցնել մեծ հակամարտության:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում շփման գծում լարվածության սրացման եւ ադրբեջանի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունների փորձերին:

Օրինակ, ԵԱՀԿ-ն առաջարկել է դիպուկահարներին դուրս բերել շփման գծից, սա շատ լավ գաղափար է: «Մենք չենք ցանկանում ոչ հայ, եւ ոչ էլ ադրբեջանցի զինվորների մահը: Ուստի ողջունում ենք այդ միտքը: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարությունները հայտարարել են, որ պատրաստ են հաջորդ օրն իսկ դուրս բերել դիպուկահարներին. չէ՞, որ եթե չլինեն դիպուկահարները, քիչ կլինեն նաեւ զոհերը: Սակայն Ադրբեջանը չընդունեց այդ առաջարկությունը», – նշեց Արամ Համբարյանը: Նրա խոսքով՝ Ալիեւը ցանկանում է, որպես իր գործողությունները ստվերում մնան: «Մենք մեծ ուշադրություն ենք ցանկանում: Մենք ցանկանում ենք, որպեսզի աշխարհը տեսնի, թե ինչ է կատարվում իրականում», – նշեց Ղամբարյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը՝ նա ընդգծեց, որ լարվածության նվազեցման տեսակետից վստահ չէ այդ հանդիպման արդյունավետության վրա: Իսկ ինչ վերաբերում է ֆրանսիական նախաձեռնությամբ հոկտեմբերին Փարիզում կայանալիք նախագահների հանդիպմանը, Արամ Համբարյանը փաստեց, որ բանակցությունների սեղանի շուրջ նստել եւ խոսելը միշտ ավելի լավ է, քան պատերազմը: «Եթե կողմերը խոսում են, ապա կարգավորման հույս միշտ էլ կա, իսկ պատերազմելու դեպքում՝ հույս չկա», – եզրափակեց Համբարյանը: