«Ամենայն հավանականությամբ, ոչ ճիշտ տեղեկություն է տարածվել միջոցառման նպատակի և բնույթի վերաբերյալ»

(irates.am, յուլիսի 8) «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում Է Բելգիայում Հայ դատի ատենապետ ՊԵՏԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

Պարոն Պետրոսյան, նախ կխնդրեի անդրադառնայիք Հայ դատի Բելգիայի հանձնախմբին:
-Անցած տարվանից աշխատանքներ ենք տարել ՀԴ հանձնախմբի կազմի ընդլայնման ուղղությամբ, և տարվա սկզբից արդեն հանձնախումբն աշխատում է նորացված կազմով: Ընդգծեմ, որ ՀԴ Բելգիայի հանձնախումբը զբաղվում է հիմնականում Բելգիայի քաղաքական կառույցների հետ աշխատանքով` թե՛ ռեգիոնալ, թե՛ տեղական, թե՛ ֆեդերալ մակարդակի։ Հիմնականը, ինչով զբաղվում ենք, Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա հետ միասին հատուցման հարցերն են, Արցախի պետականության ճանաչման խնդիրը: Զբաղվում ենք նաև տեղեկատվական ներկայացման հարցերով Բելգիայի երկու՝ ֆրանսալեզու և ֆլամանդախոս հատվածներում:
Վերջերս սերտորեն ներգրավվել ենք նաև Սիրիայի հայության հարցերի քննարկման ոլորտ, ներկայացնելով խնդիրը Բելգիայի կառավարությանը, Սենատին և տարբեր կուսակցություններին: Սերտ համագործակցում ենք Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հետ:
Մենք ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում նաև Բելգիայի հայ համայնքի շրջանակներում. համագործակցում ենք հայկական կազմակերպությունների, ինչպես նաև երիտասարդական միությունների հետ, ներդաշնակելով ներհամայնքային կապը: Բացի այդ, սկսել ենք սերտ համագործակցել Բելգիայում բնակվող այլ ազգային փոքրամասնությունների՝ մասնավորապես, հույների, ասորիների, հրեաների, ռուանդացիների և քրդերի հետ:
Նշեմ նաև, որ ՀԴ Բելգիայի հանձնախումբը ներկայացված է Ցեղասպանության 100-ամյակի կոմիտեի կազմում:

-2011-ին ստեղծվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողով: Իսկ վերջերս կայացավ պետական հանձնաժողովի 4-րդ նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության նախագահն իր ելույթում մասնավորապես նշել էր, որ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո անցած երեք տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպական և նախապատրաստական մեծ աշխատանքներ են իրականացվել թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Հետաքրքիր է՝ այդ համատեքստում ի՞նչ ծրագրեր են իրականացվել Բելգիայում:
-Այստեղ նույնպես ստեղծվել է 100-ամյակի կոմիտե հետևյալ համակարգով. այն ներառում է բոլոր հայկական միություններն ու կազմակերպությունները, որպեսզի մեկ մարմնով ներկայացնի Բելգիայի հայությունը: Այս կոմիտեն ներառում է նաև Բելգիայում ՀՀ դեսպանությունը և անհատ անձանց: Այս կոմիտեն գործում է Բելգիայի տարբեր քաղաքներում և մասնակցում է տարբեր միջոցառումների կազմակերպմանը: Իսկ որոշ հարցերում համագործակցում է նաև ՀՀ դեսպանատան և ՀՀ սփյուռքի նախարարության հետ:
2014 թ. ապրիլի 5-6-ին Բրյուսելում սփյուռքի նախարարության հրավերով տեղի ունեցավ Սփյուռքի հարյուրամյակի կոմիտեների համաժողովը, քննարկվեցին տարբեր հարցեր, ինչպես նաև համագործակցության խնդիրները տարբեր երկրների և Հայաստանի հետ՝ կարևորություն տալով հայ միասնականությանը և համախմբվածությանը այս հարցի շուրջ: Այնուամենայնիվ, Բելգիայի կոմիտեն շարունակում է իր աշխատանքները նախատեսվելիք ծրագրերը իրականացնելու համար՝ տարբեր ոլորտներում: Բելգիայի Հայ դատի հանձնախումբը նույնպես ընդլայնված կոմիտեի կազմում է։

-Լրատվամիջոցները լայն քննարկման նյութ դարձրին Բրուսելում գործող Հայ տանը վերջերս Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փակ հավաքույթի թեման: Պարզվեց, որ յուրաքանչյուր հայի համար անչափ կարևոր այդ «հավաքին» մասնակցել են միայն դեսպանատան ներկայացուցիչներ, դաշնակցականներ և «ցեղասպանագետներ»: Ըստ Ձեզ,
ա) ինչո՞ւ Բելգիայում գործող հայկական կազմակերպություններից որևէ մեկին չեն հրավիրել:
բ) Ի՞նչ ասել է «ցեղասպանագետ»:
-Բելգիայում հարյուրամյակի կոմիտե ձևավորելու աշխատանքները սկսելիս Բելգիայի Հայ թերթում տպագրվեց հայտարարություն այն մասին, թե բոլոր հայկական կազմակերպությունները և միությունները, ինչպես նաև անհատ անձինք, ովքեր ցանկանում են մասնակից լինել կոմիտեի աշխատանքներին, կարող են դիմել և նորաստեղծ կոմիտեի մաս կազմել: Այնուհետև ստեղծվեց կոմիտեն, և հենց ամբողջ Եվրոպայի հարյուրամյակի կոմիտեները մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարության գումարած համաժողովին: Եվ կազմակերպված հավաքույթին էլ մասնակցեցին հենց այդ կոմիտեների անդամները, որոնք ներկայացնում են եվրոպական երկրների համայնքների ներկայացուցիչներին և գործիչներին (ովքեր պատկանում են տարբեր հոսանքների), ինչպես նաև եկեղեցական առաջնորդներին, և անշուշտ Եվրոպայի երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերին: Կրկնեմ՝ հայ տան հավաքը սփյուռքի նախարարության համաժողովի շրջանակներում հերթական հավաքն էր 100-ամյակի կոմիտեների անդամների հետ, իսկ Բելգիայի հարյուրամյակի կոմիտեի կազմում են և՛ ՀՀ դեսպանությունը Բելգիայում, և՛ անհատ անձինք, և՛ Բելգիայի հայկական կազմակերպություններն ու միությունները: Այստեղ, ամենայն հավանականությամբ, ոչ ճիշտ տեղեկություն է տարածվել միջոցառման նպատակի և բնույթի վերաբերյալ:

-Հարկ է արձանագրել՝ Բելգիայի թուրքական համայնքը բավականին համախմբված է ու որքան էլ անհավատալի հնչի՝ կազմակերպված: Իհարկե, նաև ազդեցիկ ու իրենց վերաբերող ցակացած խնդրին արագ արձագանքող: Ցեղասպանությանը նվիրված միջոցառումների (իհարկե, ո՛չ փակ-գաղտնի) ու տարբեր ակցիաների ընթացքում բելգիաբնակ թուրքերը խոչընդոտներ չե՞ն հարուցում:
-Բնականաբար, թուրք կառավարությունը փորձում է իր գաղութի և կազմակերպությունների միջոցով խանգարել և խոչընդոտել հարյուրամյակին նվիրված միջոցառումները: Սակայն մենք, որպես Բելգիայի Հայ դատի հանձնախումբ, շարունակում ենք մեր աշխատանքները և վստահ ենք, որ պետք է իրականացնենք այն ծրագրերը, որոնք նախատեսում ենք և՛ Բելգիայի Հարյուրամյակի կոմիտեի հետ համագործակցությամբ, և՛ ինքնուրույն:

Զրույցը՝
Լյուբա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ