Դասախօսական երեկոյ՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ – «Մեծապետական պետութիւնների դերը՝ պանթուրքիզմի տարածման գործում»

«ԱԼԻՔ» – Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն՝ «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ, երէկ՝ յուլիսի 7-ի երեկոյեան կենտրոնատեղիում կազմակերպւել էր ամսական հերթական դասախօսական երեկոյ:
Կազմակերպիչ յանձնախմբի անունից դասախօսի կենսագրական տւեալները ներկայացրեց Իսիկ Իւնանէսեանը, որից յետոյ ներկաները ունկնդրեցին դասախօսի շահեկան ելոյթը:
Դասախօսը իր ելոյթի ընթացքում մանրակրկիտ ձեւով ներկայացրեց ժամանակի գաղութատիրական կառավարութիւնների ու պետութիւնների դերը՝ պանթուրքիզմը ծաւալելու առումով, եւ նշեց, որ 15-րդ դարից «Պան»-ական հակումները սկսեցին ծաւալւել Բալկաններում:
Իր ելոյթի մէկ այլ բաժնում նա նշեց, որ Ադրբեջանի դպրոցական դասագրքերը, ի մասնաւորի միջնակարգի 8-րդ դասարանի պատմութեան դասագրքի 2-րդ հրատարակութիւնը առլեցուն է պատմական խեղաթիւրումներով: Նա աւելացրեց, որ այսօր Ադրբեջանը իր նաւթադոլարները ծախսում է իր քաղաքական սին նպատակների իրագործման համար եւ, դժբախտաբար, կարողացել է Արեւմուտքի որոշ պատմաբաններին ու քաղաքական դէմքերին կաշառելով՝ կեղծ պատմութեան հիմքեր ստեղծել իր անցեալը պանծացնելու եւ հարուստ մշակոյթով աշխարհին ներկայացնելու համար:
Դասախօսը նշեց նաեւ, որ թէ՛ Թուրքիան, թէ՛ Ադրբեջանը կեղծ պատմութեան հիմքերն ամրակայելու պատրւակով փորձում են իւրացնել իրանցի հանրայայտ փիլիսոփաներին ու մտաւորականներին, նոյնիսկ փոխել հայկական ու իրանական դիւցազներգութիւնները եւ նրանց թուրքական ինքնութիւն հաղորդել:
Դոկտ. Խոսրաւին նաեւ յաւելեց, որ այսօր նրանք կիրառել են մէկ այլ ռազմավարութիւն, որն է իրենց իրագործած կոտորածների ու Ցեղասպանութիւնների ժխտումը եւ դրանց իրագործումը հայերին վերագրելը:
Վերջում ներկաների կողմից հնչեցին հարցեր, որոնց պատասխանեց դասախօսը: