Միտինգ Մոսկվայում ապրիլի 24–ին

Ապրիլի 24–ին ժ. 13:00–ին Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակում (մետրոյի «1905 թվական փողոց» կայարանի մոտ) տեղի կունենա «Հայերի Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ» խորագրով միտինգ: Դրանով ռուսաստանյան հասարակությունը իր հարգանքի տուրքը կմատուցի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, կդատապարտի մարդկության դեմ գործած այդ հանցագործությունը և Թուրքիայից կպահանջի ճանաչել իրականացրած ցեղասպանությունը: Միտինգում ելույթ կունենան ՌԴ Պետական Դումայի խմբակցությունների պատգամավորներ, քաղաքագետներ և Մոսկվայի ազգային համայնքների ներկայացուցիչներ: ՌԴ Պետական Դուման 1995 թ. ապրիլի 14–ի հատուկ հայտարարությամբ դատապարտել է Հայերի Ցեղասպանությունը: Դումայի հայտարարությամբ ապրիլի 24–ը սահմանված է իբրև ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Մոսկովյան «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության կողմից միտինգի անցկացումը համաձայնեցված է Մոսկվայի քաղաքապետարանի հետ: