ԱՄՆ-ում սպասում են հայ պատգամավորներին

Վաշինգտոնի հայ համայնքը նույնպես նախապատրաստվում է մարտի սկզբին նախատեսված Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների այցին Միացյալ Նահանգներ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, հայ օրենսդիրների այցը լավ հնարավորություն է ընձեռում ԱՄՆ-ի մայրաքաղաքի քաղաքական գործիչներին եւ փորձագետներին ծանոթանալ Հայաստանի դիրքորոշմանը.

«Նրանք, ովքեր ճշտում են տեսակետները Հայաստանի վերաբերյալ, կարող են լսել նաեւ Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարներին, տեղեկանալ, թե որոնք են Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները»:

Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում հայաստանցի պատգամավորների պատվին հատուկ ընդունելություն է կազմակերպվելու, նշում է Չուլջյանը: Նրա խոսքով, Միացյալ Նահանգներ Հայաստանի պատգամավորների այցելության միտքը ծագել է նախորդ տարի.

«Անցյալ տարվա սեպտեմբերին ամերիկյան կոնգրեսականների մի խումբ այցելել էր Հայաստան, մի մասը նաեւ Արցախ:Այդ ընթացքում բխեց գաղափար, որ սա շարունակական լինի եւ որ նաեւ Հայաստանի ԱԺ ներկայացուցիչներն Ամերիկա գան, հայ-ամերիկյան բարեկամական կապերն ավելի ջերմացնեն ամերիկյան կոնգրեսականների հետ»:

Վաշինգտոնում հայ պատգամավորների հանդիպումների ընթացքում քննարկվելու են հայ-ամերիկյան քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների բարելավումն ու խորացումը:

«Որքան կարողանանք, պետք է սերտացնենք այս կապերը, այս 100-ամյա կապերը, որ արդեն ստեղծված են, որ իսկապես դրական առաջընթաց տեսնենք թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական ոլորտում»:

4261456.html