«ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ դասախօսական երեկոյ «Մերձաւոր Արեւելքը եւ տարածաշրջանի քաղաքական ապագան»

«ԱԼԻՔ» – Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ երէկ, փետրւարի 12-ի երեկոյեան նոյն կենտրոնի կենտրոնատեղիում կազմակերպւել էր դասախօսական հերթական երեկոյ:

Դասախօս էր հրաւիրւել նախկին դիւանագէտ եւ քաղաքական հարցերի վերլուծաբան դոկտ. Ֆէրէյդուն Մաջլեսին, ով դասախօսութեան նիւթ էր ընտրել «Մերձաւոր Արեւելքը եւ տարածաշրջանի քաղաքական ապագան»: Սկզբում դասախօսին ներկայացրեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը, որից յետոյ դասախօսը վերլուծական ներկայացրեց տարածաշրջանի ներկայ իրավիճակի եւ այս իրավիճակին յանգեցնող դրդապատճառների մասին:

Նա ընդգծեց, որ տարածաշրջանի որոշ երկրների, այդ թւում Սաուդական Արաբիայի ղեկավարութեան անմիտ քայլերի եւ արտաքին դրդումների հետեւանքով ծայր առաւ Եմէնի պատերազմը, որը նման աւերածութիւններ պատճառեց: Իր ելոյթի ընթացքում նա կարեւորեց տարածաշրջանում եւ ի մասնաւորի Իրանում առկայ բնական հարուստ ռեսուրսների մասնագիտական օգտագործումը, որը յանգեցնելու է տնտեսական զարգացմանը: Դասախօսը նաեւ անհրաժեշտ համարեց տարածաշրջանի երկրների քայլերի համընթացութիւնը եւ ոչ թէ թշնամական դիրքորոշումները առկայ հակամարտութիւնների, ինչպէս Սիրիայում, Իրաքում տիրող ճգնաժամային կարգավիճակը կարգաւորելու համար: