Կիրո Մանոյան. 2017-ի կարևորագույն ձեռքբերումը Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումն էր

(yerkir.am) ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով` 2017-ի կարևորագույն ձեռքբերումը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն էր: «Բոլորն էլ ընդունում են, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը յուրահատուկ էր: Այն կարող էր ստորագրվել դեռևս 4 տարի առաջ, եթե ԵՄ-ն համաձայներ ստորագրել այն գոնե քաղաքական մասով: ԵՏՄ անդամ պետության կողմից ԵՄ-ի հետ նման համաձայնագրի ստորագրումն իսկապես կարևոր ձեռքբերում է, մնում է ԵՄ անդամ պետությունները վավերացնեն այդ համաձայնագիրը»,-լրագրողներիին ասաց Մանոյանը:

Նրա խոսքով՝ 2017-ին Արցախի հարցով լուրջ տեղաշարժ չի արձանագրվել: «Արցախյան հարցի կարգավորման գործընթացը կարելի սառած համարել, թեև ինչ-ինչ գործընթացներ, այնուամենայնիվ, կան, որոնք երաշխիք են, որպեսզի լայնածավալ պատերազմ չվերսկսվի»,- ասաց Մանոյանը և հավալեց, որ պետք է պատրաստ լինենք վատթարագույնին, որպեսզի կարողանանք դիմագրավել հնարավոր մարտահրավերները:

Մանոյանի խոսքով՝ պետք է շարունակել Արցախի հարցով արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել Արցախի բնակչության թվաքանակի մեծացման ուղղությամբ: Ըստ նրա՝ բնակչության թվի ավելացման համար նախևառաջ հարկավոր է տնտեսական պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ ընտանիքներով կարողանան տեղափոխվել Արցախ:

Կիրո Մանոյանն անդրադարձավ ԼՂ հարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի կողմից վերջին տարիներին առաջ քաշված մեծ և համապարփակ պայմանագիր մշակելու առաջարկին:

Ըստ նրա` Ադրբեջանը շտապում է իրագործել այդ գաղափարը, որպեսզի ասի` եթե օրինական փախստականների վերադարձի մասով համաձայնություն կա, եկեք այդ կետն իրագործենք: Սակայն հայկական կողմի առավելությունն այն է, որ երեք սկզբունքների հարցով կա համաձայնություն, հարցը ամբողջական մեկ փաթեթ է և պետք չէ սկսել պայմանագրի քննարկում առանձին հարցերի շուրջ: «Փաստն այն է, որ Ադրբեջանը չի ուզում լսել Արցախի կարգավիճակի մասին»,-նշեց Մանոյանը: