Կիրո Մանոյան. Բաքվի առաջարկը վտանգավոր է

(tert.am) ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը այսօր հրավիրված ասուլիսին ամփոփելով 2017թ-ը, նկատեց, որ տարին ՀՀ-ի համար եղել է որոշ ձեռքբերումների տարի, բայց գլխավորը ձեռքբերումը ԵՄ-ի հետ համաձայնության պայմանագիրն է:

«Հիմնական նվաճումը և ձեռքբերումը ԵՄ-ի հետ պայմանագրի ձեռքբերումն է, մի բան, որ կարելի էր չորս տարի առաջ էլ անել, եթե ԵՄ-ն համաձայներ պայմանագրի միայն քաղաքական հատվածը հաստատել: Հայաստանն ասում էր, որ եթե տնտեսական բլոկը չենք կարող ստորագրել, գոնե քաղաքական մասով ստորագրենք, ԵՄ-ն ինչ-ինչ պատճառներով հրաժարվեց։ Հիմա մնում է պայմանագիրը վավերացվի ԵՄ-ի և ԵՄ յուրաքանչյուր անդամի կողմից»,-ասաց նա:

Ըստ Կիրո Մանոյանի՝ Արցախի հարցով լուրջ տեղաշարժ չկա, քանի որ Ադրբեջանը չի իրագործում այն պայմանավորվածությունները, որոնք գոյացել են Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանագրերում՝ ստեղծել և ամրացնել վստահության մեխանիզմները, որից հետո հարցի կարգավորման մասին կարելի լինի խոսել:

«Այս ուղղությամբ, չեմ կարծում, որ մեծ փոփոխություն կունենանք, Ադրբեջանի քաղաքականությունը որևէ նշաններ չի տալիս, և այդ ոչ կառուցողական քաղաքականությունը կշարունակի, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն պետք է ուժեղացնի Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ աշխատանքները, որոնք տեսնում ենք, ինչքան ազդեցիկ են Ադրբեջանի վրա»,-ասաց նա:

Կիրո Մանոյանի խոսքով՝ ինչ-որ իմաստով տակավին գործընթաց կա, որը որոշ չափով երաշխիք է, որ մեծամասշտաբ պատերազմ չի սկսվի:

«Եթե բանակցություններ կան, պատերազմի վտանգը նվազում է: Այդ վիճակը պետք է պահել, բայց մեր անելիքը արտաքին ճակատի վրա, ինչպես ասացի, Արցախի ճանաչումն է, բայց ներքին ճակատում էլ բավական մեծ քայլեր արվել են: Այն, ինչ մինչև ապրիլը կար և ապրիլից հետո, իսկապես շատ մեծ տարբերություն կա և ինչ-որ չափով բնականաբար հանգստացնող է։ Նաև անհանգստացնող է, որ եթե կարելի էր այսքան բան անել, ինչո՞ւ նախկինում չէր արվել»,-ասաց նա:

ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավարն անդրադարձավ ԼՂ հարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի կողմից մեծ պայմանագիր մշակելու առաջարկին: Ըստ նրա, վտանգավոր է առաջ քաշված այն մոտեցմանը, թե եկեք այն կետերի հարցով բանակցենք, որի հարցով համաձայնություն կա:

«Հայկական կողմի առավելությունն այն է, որ երեք սկզբունքների հարցով կա համաձայնություն, հարցը ամբողջական մեկ փաթեթ է և պետք չէ սկսել պայմանագրի քննարկում առանձին հարցերի շուրջ»,-ասաց նա:

Մանոյանը բացատրեց թե ինչու է շտապում Ադրբեջանը, որ մեծ պայմանագիրը սկսի մշակվել: Ըստ նրա, ենթադրենք փախստականների հարցի շուրջ կա համաձայնություն, ասում են՝ եկեք այդ հարցերի շուրջ համաձայնենք: Սա չէ հայկական կողմի մոտեցումը: ՀՀ նախագահն էլ մի քանի անգամ բարձրաձայնեց, որ հիմնական խնդիրը Արցախի կարգավիճակի հարցն է, իսկ Ադրբեջանը պատրաստ չէ իրականությունն ընդունել»,-ասաց նա:

Կիրո Մանոյանն անդրադարձավ նաև տարածաշրջանային իրադարձություններին և նկատեց, թե դրանք բնականաբար կազդեն նաև Հայաստանի վրա՝ և՛ Սիրիայի հարցը, և՛ Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների ինչ-որ չափով սառեցումը և ինչ-որ չափով Թուրքիա-ՌԴ սերտացումը, ինչպես նաև Երուսաղեմի հարցի շուրջ բարձրացված աղմուկը:

«Ինչ-որ չափով դրանք ազդեցություն կունենան, բայց չեմ կարծում, որ ռազմական գործողություններ լինեն»,-ասաց նա:

Նելլի Լազարյան

Կիրո Մանոյանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Նախիջևանի ռազմականացումը մտահոգիչ է համարում

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Նախիջևանի ռազմականացումը ամբողջ տարածաշրջանի կայունության պահպանման սպառնալիք կարող է հանդիսանալ: Դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Ռուսաստանի պահվածքը այստեղ տարբերվելու է, որովհետև խոսքը վերաբերում է Հայաստանի անվտանգությանը, ում նկատմամբ Ռուսաստանը ունի շահեր և պատասխանատվություն: Նախիջևանի ռազմականացման խնդրով մտահոգ կարող է լինել նաև Իրանը»-, ասաց Մանոյանը:

Նրա խոսքով` ընդհանրապես Նախիջևանի ռազմականացումը պետք է մտահոգի բոլոր երկրներին, որոնց համար կարևոր է տարածաշրջանում կայունության պահպանումը, որովհետև իրավիճակի սրման դեպքում շատ ուժեր կարող են մտնել հակամարտության մեջ, և դրա ելքը կանխատեսել անհնար կլինի: