Կիրո Մանոյան. 2018-ին շեշտը պետք է դնել հայոց պետականության վերականգնման 100-րդ տարեդարձին

(yerkir.am) Հայաստանի Առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումները կազմակերպելիս շեշտը պետք է դնել հատկապես հայոց պետականության վերականգնման 100-րդ տարեդարձին. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 100-ամյակը նշելու նպատակով Անթիլիասում ստեղծված հանձնախմբի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Պարզ է, որ տոնակատարությունների գլխավոր մասը վերաբերելու է Առաջին հանրապետության ստեղծմանը, սակայն չպետք է մոռանալ, որ հայկական հողի վրա պետականության կորստից 6 դար հետո վերականգնվել է հայկական պետությունը, որի 100-ամյակն առանձնահատուկ պետք է նշել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակը համահայկական տարողությամբ նշելու նպատակով Անթիլիասում կազմվել է հանձնախումբ՝ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ: Հանձնախմբի անդամներն են Երվանդ Փամբուկյանը, Աշոտ Մելքոնյանը, Շահան Գանտահարյանը, Կիրո Մանոյանը, Խաչիկ Տեր-Ղուկասյանը և Խաչիկ Դեդեյանը։

Կիրո Մանոյանի խոսքով` թեև Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի հանձնաժողովը չունի այն մասշտաբները, ինչ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար ստեղծված հանձնաժողովը, սակայն պետք է այս տարեդարձն արժանվույնս նշվի նաև Սփյուռքի գաղթօջախներում, սակայն, բացի Անթիլիասում ստեղծված հանձնաժողովից և Դաշնակցության կողմից իրականացվող միջոցառումներից, Սփյուռքում այլ ուժեր որևէ միջոցառում չեն կազմակերպում: Նա հույս հայտնեց, որ Սփյուռքում գոնե դեսպանատների մակարդակով տոնակատարությունը կնշվի:

Մանոյանը տեղեկացրեց, որ Դաշնակցությունն ամերիկյան խոշորագույն քաղաքներում՝ Լոս Անջելեսում, Նյու Յորքում և կանադական Տորոնտոյում այս թեմայով գիտաժողովներ է կազմակերպում:

Անդրադառնալով Հայաստանում անցկացվելիք միջոցառումների մասշտաբին` նա նշեց, որ միջոցառումների ծրագրերը կհստակեցվեն 2018-ին:

Հարցին` արդյո՞ք տարբեր երկրների առաջին դեմքեր ներկա կլինեն 100-ամյակին նվիրված գլխավոր միջոցառմանը, Մանոյանը պատասխանեց. «Որքանով տեղյակ եմ պետական հանձնաժողովի ծրագրերից, նման պատկերացում չկա, որ անպայման առաջին դեմքերն են ներկա լինելու: Հավանաբար, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ 2018-ի սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին Հայաստանում տեղի կունենա 2018թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը, որին շատ պետությունների առաջին դեմքեր կմասնակցեն»:

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն էլ կարևորեց 100-ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ անցկացումը: Նա հայտնեց, որ ոչ պաշտոնական աղբյուրներում արդեն տեղեկություններ կան, որ մայիսյան հերոսամարտերի հիմնական տարեդարձի օրը՝ մայիսի 28-ին, Ադրբեջանը որոշել է նշել իր առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Նա չբացառեց, որ այդ կերպ Ադրբեջանը փորձի ստվեր գցել մեր կողմից իրականացվող միջոցառումների վրա:

Կիրո Մանոյանն էլ նշեց, որ եթե Հայաստանի համար 1918-ի մայիսը պետականությունը վերականգնելու թվականն է, Ադրբեջանի համար՝ լավագույն դեպքում պետականության ստեղծման: Նրա խոսքով` եթե նույն ընթացքում Վրաստանն ու Ադրբեջանը նշեն այդ տոնակատարությունը և տարբեր երկրների առաջին դեմքերի մակարդակով հյուրեր հրավիրեն, ապա Վրաստանին դա ավելի կհաջողի, քան Ադրբեջանին:

Կիրո Մանոյան. «Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շուրջ դժգոհություններ են եղել».

(ԱՌԱՎՈՏ) ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի տեղեկություններով, մինչեւ եկող տարվա մայիսի 28-ը Երեւանի կենտրոնում կտեղադրվի Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը: Այսօր «Նոյյան տապան» ակումբում նա ասաց, որ արձանի տեղադրման ուղղությամբ արդեն աշխատանքներ են ընթանում:

«Արամ Մանուկյանի արձանի վերաբերյալ որոշ դժգոհություններ հնչեցին որոշ շրջանակների կողմից, բայց դժբախտաբար հանրապետության 100-րդ տարեդարձն առայժմ չունի նույն ընկալումը, ինչ ուներ, օրինակ, Ցեղասպանության 100-րդ տարելիցը,- ասաց Կիրո Մանոյանը,- արդեն ասել ենք, որ ճիշտ է՝ Առաջին հանրապետության հիմնական քաղաքական ուժը ՀՅԴ-ն էր, բայց դա հայոց պետականության վերականգնման փաստն է, անկախ նրանից՝ ով էր քաղաքական ուժը, պետք է գնահատենք ըստ այդմ»: «Հայաստանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների շարքում միջոցառումներ են սպասվում նաեւ սփյուռքում:

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի խոսքով, սփյուռքի տարբեր համայնքներում միջոցառումներ կկազմակերպվեն. «Միջոցառումների վերջնական տեսք չկա դեռ, բայց սփյուռքի համայնքներում ցուցահանդեսներ, գիտաժողովներ ու մշակութային տարբեր միջոցառումներ կլինեն, հուշարձանների բացում: Կիլիկիո կաթողիկոսարանի կողմից էլ մարտին համաժողով է կազմակերպվելու՝ թեման ՀՀ 100- ամյակն է լինելու»: