Կարապետեան` Եւրոխորհրդարանի բանաձեւը հաւասարակշռուած է

Արցախի հարցի շուրջ, բանաձեւը հաւասարակշռուած տեսակէտ կը յայտնէ եւ կը նշէ Եւրոպական Միութեան եւ Եւրոխորհրդարանի զօրակցութիւնը ԵԱՀԿ-ի Մինսքի խումբի համանախագահներու աշխատանքին եւ անոր 3 հիմնական սկզբունքներուն, որոնք են «Ոյժի ոչ կիրառում»-ը, «Ազատ ինքնորոշման իրաւունք»-ը եւ «Հողային ամբողջականութեան» սկզբունքները:

Հարկ եղաւ ՀՀ դեսպանութեան եւ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակի համադրուած աշխատանքին, փոխելու համար յօդուածին մէջ հետեւեալ սխալ մեկնաբանութիւնը՝ կը նշուէին միայն «Ոյժի ոչ կիրառում»-ի եւ «Հողային ամբողջականութեան» սկզբունքները: Սակայն կարելի եղաւ մեր ջանքերով, համոզել պատասխանատուները եւ զեկուցաբերները, որ արդար եւ հաւասարակշռուած պիտի ըլլար եթէ նշուէր նաեւ «Ազատ ինքնորոշման իրաւունք»-ի սկզբունքը:

Գասպար Կարապետեան
ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի հանձնախումբի նախագահ

Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը գոհունակություն է հայտնում ԵԽ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևի կապակցությամբ

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը գոհունակություն է հայտնում Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձևի կապակցությամբ, որտեղ արդեն երկրորդ անգամ ուղղակի տեքստով ճանաչվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կարապետյանը հիշեցրեց, որ գալիք շաբաթ գումարվելու է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրել համագործակցության նոր համաձայնագիրը:

«Ընդհանրապես նման գագաթնաժողովներից առաջ Եվրոպական խորհրդարանը բանաձևով իր տեսակետներն է հայտնում և առաջարկությունները ներկայացնում՝ գործընկերության շարունակության շուրջ: Այս տարի էլ ունեցանք քվեարկություն Եվրոպական խորհրդարանում ու այդ բանաձևում անդրադարձ է կատարվում Արցախի հարցին՝ հայտնվում է հավասարակշռված տեսակետ: Այնտեղ նշվում է, որ Եվրոպական միությունը և Եվրոպական խորհրդարանը աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները պետք է անցկացվեն երեք հիմնական սկզբունքների շուրջ, որոնք են՝ ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը: Սա հավասարակշռված բանաձև է: Մենք գոհունակություն ենք հայտնում, քանի որ բանակցություններն ընթանում են այս երեք սկզբունքների հիման վրա»,- ասաց Կարապետյանը՝ կարևորելով նաև բանակցություններին Արցախի մասնակցությունը:

Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի նախագահը նշեց, որ բանաձևը սխալ մեկնաբանությամբ նախապես քվեարկվել էր Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, սակայն Հայաստանի դեսպանության և Հայ դատի հանձնախմբի համակարգված աշխատանքների արդյունքում փոխվել է այն: «Սկզբում բանաձևում նշվում էր միայն ուժի կիրառման բացառումն ու տարածքային ամբողջականության սկզբունքը: Մեր աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ պատասխանատուներին համոզել, որ պետք է լինել արդար, հավասարակշռված ու նշել նաև ազատ ինքնորոշման իրավունքը, ինչը հիմնական սկզբունքներից մեկն է, որոնց հիման վրա տեղի են ունենում բանակցությունները»,- ասաց Կարապետյանը:

Այս բանաձևն իրենից մեծ կարևորություն է ներկայացնում, քանի որ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ այն սահմանում է համագործակցության ակնկալիքները, ինչպես նաև ուրվագծում է Արևելյան գործընկերության հետագա զարգացման տրամաբանությունը, ուստի զարմանալի չէր, որ ադրբեջանական կողմը, մեծ ջանքեր էր ներդրել բանաձևի հիմնական ուղերձը և դրա տրամաբանությունը խաթարելու համար: