Առցանց պատերազմներ. Ադրբեջանի ԱԳՆ-ն, ամերիկահայ գործիչը եւ ահաբեկչության մեղադրանքը

(news.am) Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց հայտարարություններում սովորաբար փորձում էին կենտրոնանալ քաղաքական մեղադրանքների վրա՝ անձնական որակումները թողնելով հանրային ոլորտին, սակայն այժմ կարծես թե այստեղ գրանցվում է խաղի կանոնների փոփոխություն, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Վերջերս Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը Թվիթերի իր պաշտոնական էջում որոշեց անձնական մեղադրանքներ ներկայացնել ամերիկահայ հայտնի գործիչ, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանին՝ անվանելով նրան ահաբեկիչ եւ մաֆիայի ղեկավար: «Ամերիկայի Ձայն»-ին Համբարյանը հայտնեց, որ զարմացած է ադրբեջանցի պետպաշտոնյայի կողմից իր անձի նկատմամբ նման ուշադրությամբ, այն, սակայն, համարելով տրամաբանական. «Իլհամ Ալիեւը հրապարակայնորեն հայտարարել է, որ թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է, այնպես որ, տրամաբանական է, որ նրա աշխատակիցները հարձակում են գործում հայկական լոբբիի դեմ»:

«Ամերիկայի Ձայնը» պաշտոնապես դիմել էր նաեւ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանություն՝ առաջարկելով ավելի մանրամասն ներկայացնել իրենց դիրքորոշումը հարցի կապակցությամբ: Դիմում, որն անպատասխան մնաց:

Ինքը՝ Արամ Համբարյանը հիշեցնում է, որ իրական հակամարտությունն ընթանում է մարտադաշտում՝ մարդկային կյանքեր խլելով. «Առցանց հարձակումներն այդչափ լուրջ չեն: Նրանց հետեւանքով որեւէ մեկը ֆիզիկապես չի տուժում, դրանք կյանք չեն խլում»:

Համբարյանը, ում առօրյան անցնում է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների, Սպիտակ տան պաշտոնյաների, խոշոր գործարարների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների մեջ, իր հասցեին ադրբեջանցի պաշտոնյայի մեղադրանքներին փորձում է հումորով վերաբերվել. «Անշուշտ, փոքր-ինչ զարմանալի է, երբ նման հայտարարությունները գալիս են պետական պաշտոնական աղբյուրից եւ դա փոքր-ինչ անհանգստացնում է, սակայն, ի վերջո, դա աշխատանքի մի մասն է»: