Դասախօսական երեկոյ՝ «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ. «Ադրբեջանի Հանրապետութեան ձեւաւորման հոլովոյթը»

(ԱԼԻՔ ՕՐԱԹԵՐԹ) Կ. Դ. – «Ադրբեջանի Հանրապետութեան ձեւաւորման հոլովոյթը» թեմայով դասախօսական երեկոյ էր կազմակերպւել երէկ՝ նոյեմբերի 13-ի երեկոյեան, նախաձեռնութեամբ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի (ՀՈՒՍԿ), նոյն կազմակերպութեան կենտրոնատեղիում:

Սկզբում Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը ներկայացրեց օրւայ դասախօս հոգեբոյժ դոկտ. Ռաբիէ Մոհավեդիին, ով պատմական տւեալների հիմամբ անդրադարձաւ Ադրբեջան անւանում կրող շինծու հանրապետութեան ձեւաւորմանը: Դասախօսը լսարանին ներկայացրեց «Ադրբեջանը օսմանցիների անօրինական զաւակը» խորագրով իր յօդւածը: Նա ընդգծեց, որ Իրանի Սահմանադրական շարժման մասնակից իրանցի Մոհամմադ Ամին Ռասուլզադէն, այդ շարժման ձախողումից յետոյ հեռացաւ Իրանից եւ 1911 թւականին անցաւ Թուրքիա, միանալով թուրք ծայրայեղականներին, ապա Առաջին Աշխարհամարտի տարիներին վերադարձաւ Բաքու եւ իր մի շարք զինակիցների հետ հիմքը դրեց «Մոսաւաթ» կուսակցութեան: Մի կուսակցութիւն, որն իր ձեւաւորման առաջին իսկ օրւանից հետապնդել է մեծ Ադրբեջան հիմնադրելու պատրանքը: Դասախօսը նշեց, որ մինչեւ 1911 թւականը, երբ հիմքը դրւեց Կովկասի մուսուլմանների հաւաքականութեան, ընդհանրապէս գրառում չի եղել Ադրբեջանի Հանրապետութիւն անւան մասին եւ յիշեալ հաւաքականութիւնը կոչւել է Կովկասի մուսուլմանների ադրբեջանցի հաւաքականութիւն, որը այդ մտացածին եւ անօրինական հանրապետութեան կերտումից 35 տարի առաջ է եղել: Նա նաեւ անդրադարձաւ, որ Թուրքմենչայի եւ Գոլեսթանի պայմանագրերում անգամ միայն խօսւում է Շիրւան, Բաքու եւ … քաղաքների անւանման եւ ոչ թէ մի հանրապետութեան մասին:

1917 թւականին Ցարական կայսրութեան անկման հետեւանքով Ռասուլզադէն առիթը պատեհ համարեց հիմքը դնելու Ադրբեջանի խնդրայարոյց հանրապետութեան:

Դոկտ. Ռաբիէն շեշտեց, որ քաղաքական դրդապատճառները հիմքը դրեցին մի կեղծ հանրապետութեան, որն իր գոյութեամբ եւ սին պատմութեամբ միշտ էլ վտանգաւոր կոչեր է հնչեցնում:

Նա նշեց, որ սկզբից եւեթ Ադրբեջանը իր անւանումը վերցրել է Իրանի Ատրպատական նահանգից եւ սին կոչերով վերածւում է վտանգաւոր երեւոյթի եւ ակտիւ ու սուտ պատմական տւեալներով իր քաղաքացիների մէջ հէնց մանկական տարիքից սերմանում է ատելութիւն իր հարեւանների նկատմամբ, որը կարող է անփոխարինելի հետեւանքներ ունենալ: Իսկ անդրադառնալով Ադրբեջանի խորհրդանիշ համարւող գայլի նշանին, ընդգծեց, որ դա սերում է չինական պատմութիւնից, որը մի ցեղի կենսաւորումն է գայլից:

Վերջում նա ընդգծեց, որ իւրաքանչիւրիս պարտքն է ուսումնասիրել իրական պատմական տւեալները եւ հէնց դպրոցական տարիքից ու պատմութեան դասագրքերում ճիշտ ուղու վրայ դնել մեր մատաղ սերնդի մտապատկերը, որը հիմքն է հզօր եւ միասնական Իրանի:

Վերջում հնչեցին հարցումներ ու տեսակէտներ կապւած իրականութիւնը հանրութեան սեփականութիւնը դարձնելու լաւագոյն ձեւաչափերի մասին: