Եւրոպահայութեան չորրորդ համագումարին պաշտօնական բացում

Այս առաւօտ՝ 18 Հոկտեմբեր 2017-ին, Պրիւքսէլի Հայ Տան մէջ տեղի ունեցաւ բացումը Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնած՝ Եւրոպահայութեան չորրորդ համագումարին:

Ներկայ էին Եւրոպահայ քաղաքագէտներ, հասարակական գործիչներ, գիտնականներ եւ Եւրոպայի մէջ գործող Հայ Դատի յանձնախումբերուն եւ հայկական այլ կազմակերպութիւններու շուրջ 150 ներկայացուցիչներ: Երկօրեայ համագումարի առաջին օրուան ընթացքին քննարկուեցան մեր ժողովուրդին դիմագրաւած հիմնահարցերուն ներկայ զարգացումները որոնց վերաբերեալ կատարուեցան ախտաճանաչումներ եւ առաջարկուեցան համապատասխան լուծումներ:

Պաշտօնական բացման ընթացքին ողջոյնի խօսքերով ելոյթ ունեցան՝ Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի Նախագահ՝ Գասպար Կարապետեան, Արցախի Հանրապետութեան Նախագահ՝ Բակո Սահակյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ՝ Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ, Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Նախարար՝ Հրանուշ Հակոբյան եւ Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդի Նախագահ՝ Յակոբ Տէր Խաչատուրեան:

Պրն. Կարապետեան ողջունելով ներկաները ներկայացուց Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի գործունէութիւնը, ինչպէս նաեւ համագումարին ընդհանուր ծրագիրն ու անկէ ակնկալուած արդիւնքները:

Նախագահ Սահակյան արժեւորելով Գրասենեակի արդիւնաւէտ աշխատանքը, ”Երախտագիտութիւն” մետալով պարգեւատրեց Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբը :

Վեհափառ հայրը վերահաստատելով Հայ Դատի գրաւած առաջնահերթ դիրքը Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան օրակարգի վրայ ըսաւ ”Մենք որպէս եկեղեցի պիտի շարունակենք վերանորոգ թափով եւ յստակ տեսիլքով մեր ազգի պահանջատիրութեան պայքարը:”

Նախարար Հակոբյան գնահատեց Եւրոպայի տարածքին գործող բոլոր դատի մարմիններուն համագործակցութեան մակարդակը Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչներուն հետ: Իր կարգին Պրն Տէր Խաչատուրեան ներկայացուց բազմաթիւ ոլորտներու մէջ հայոց առջեւ պարզուած մարտահրաւէրները եւ խօսեցաւ Հայ Դատի յառաջիկայ յաղթանակներուն համար մեր տանելիք զանազան պայքարներուն անհրաժեշտութեան մասին:

Բացման խօսքերէն ետք տեղի ունեցան 3 Կլոր սեղանները, որոնց ընթացքին ներկաները քննարկեցին Հայ Դատի եւ Հայապահպանման առնչուող հետեւեալ նիւթերը՝

1 – Հայապահպանում՝ Գոյատեւման Հիմնական Ազդակ: Այս բաժնին մէջ արծարծուեցան Եւրոպահայութեան դիմագրաւած հայապահպանութեան ներկայ եւ ապագայ հարցերը: Պրն. Մհեր Գարագաշեանը արտայայտուեցաւ հայեցի դաստիարակութեան մարտահրաւէրներուն մասին, որմէ ետք Պրն. Կարապետ Տագէսեան ներկայացուց Եւրոպայի մէջ արեւմտահայերէնի գործածութեան իրավիճակը: Վերջապէս պրն. Միհրան Քիւրտօղլեանը արժեւորեց ինքնութեան պահպանման պայքարին մէջ գաղութային կազմակերպուածութեան կշիռը: Զրուցավարն էր համազգային Կրթական եւ մշակութային միութեան Կեդրոնական Վարչութեան ատենապետ՝ պրն. Մկրտիչ Մկրտիչեան:

2 – Թուրքեւատրպէյճանական ազդեցութիւնը Եւրոպայի մէջ: Բանախօսներն էին տիկ. Տաթևիկ Հայրապետյանը, պրն. Մուրատ Փափազեանը եւ պրն. Սամվել Մարտիրոսյանը, որոնք անդրադարձան Եւրոպայի մէջ թրքական եւ ատրպէյճանական լոպիներուն ու անոնց գործունէութեան եւ կատարեցին կարգ մը առաջարկներ մանաւանդ ինչ կը վերաբերի լրատուամիջոցներու եւ ընկերային ցանցերու օգտագործման: նշեալ կլոր սեղանը վարեց Հեղինէ Էվինյանը:

3 – Հայկական Ցեղասպանութեան Ճանաչումն ու Հատուցումներու գործընթացը: Այս նիւթին Բանախօսներն էին պրն. Միհրան Տապաղը որ ներկայացուց Ցեղասպանութեան յիշողութեան կարեւորութիւնը եւ պրն. Վլադիմիր Վարդանյանը որ խօսեցաւ Հատուցման գործընթացի հոլովոյթին մասին: Առաջին կլոր սեղանին զրուցավարն էր պրն. Գէորգ Յակոբճեանը:

Եւրոպահայութեան չորրորդ համագումարի աշխատանքը կը շարունակուի վաղը՝ 19 հոկտեմբեր 2017-ին Եւրոպական Խորհրդարանին մէջ:

Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի գրասենեակ

 

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբին

(ԱՊԱՌԱԺ) Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն:

Հոկտեմբերի 18-ին Նախագահ Սահակյանը մասնակցել է 4-րդ Եվրոպական հայկական համագումարի բացմանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով:

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբին

Նախագահն արժեւորել է նման միջոցառումները, նշելով, որ դրանք լավ հարթակ են՝ քննարկելու համազգային խնդիրները, նախանշելու դրանց լուծման ուղիներն ու հետագա անելիքները, մշակելու եւ իրականացնելու տարբեր ծրագրեր սփյուռքի հայկական համայնքների, մայր Հայաստանի եւ Արցախի շարունակական զարգացման ու զորացման ուղղությամբ:

«Չափազանց կարեւոր է, որպեսզի կայանա մտքերի կառուցողական փոխանակում, հնչեն տարբեր կարծիքներ եւ ընդունվեն փոխհամաձայնեցված որոշումներ՝ առաջին հերթին գերնպատակ ունենալով միավորել մեր ժողովրդի տարբեր հատվածները համազգային ծրագրերի իրականացման շուրջ»,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Բակո Սահակյանը խորին երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մշտապես սատարում են Արցախին, ապրում նրա հոգսերով, անում հնարավորը տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդիրը արդարացի ներկայացնելու եւ մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար:

Միջոցառման ընթացքում Նախագահ Սահակյանն Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբին:

Համագումարին ներկա էին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: