Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում

(norjugha.ir) Շրջանի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախումբը Ջաւախքին նւիրւած իր միջոցառումների շրջագծում, ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 13-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կազմակերպեց բանախօսական-գեղարւեստական երեկոյ: Միջոցառմանը ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, քահանայից դասի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, ազգային մարմինների, միութիւնների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ:

Որպէս սկիզբ՝ երեկոյի բացման խօսքում հաղորդավարուհի Մանիա Ղուկասեանն ընդգծեց ջաւախքահայութեան իրաւունքների վերականգնման հարցը՝ շեշտելով յատկապէս երկար տարիների ընթացքում Վրաստանի իշխանութիւնների կողմից կիրառւած խտրականութեան քաղաքականութիւնը սոյն շրջանի հայութեան նկատմամբ: Նա նաեւ զեկոյցով հանդէս եկաւ շրջանիս Հայ Դատի յանձնախմբի ստեղծած՝ Ջաւախքի օժանդակութեան հիմնադրամի գումարներով մինչեւ օրս կատարւած աշխատանքների շուրջ:

Այնուհետեւ երեկոյի բանախօսութիւնն իրականացրեց ազգային-հասարակական գործիչ, պատմաբան Վարուժ Մովսիսեանը: Նա իր խօսքի սկզբնական բաժնում անդրադառնալով Ջաւախքի պատմականին, յատկապէս մատնանշեց Խորհրդային կարգերի՝ ազգային հարցերի լուծման քաղաքականութեան շրջագծում, 1921 թւականին Թիֆլիսում կնքւած հայ-վրացական պայմանագիրը, որի արդիւնքում Ջաւախքը կցւեց Վրաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետութեան կազմին, ինչու չէ նաեւ 1929 եւ 1936 թւականներին, Խորհրդային միութեան առաջին եւ երկրորդ սահմանադրութիւնների ընդունման ժամանակ, տարածքների վերադարձման ուղղութեամբ հայ քաղաքական այրերի ու մտաւորականութեան ջանքերի ապարդիւն աւարտը:

Բանախօսական ելոյթի երկրորդ բաժնում զրոյցը ծաւալւեց Ջաւախքի ներկայ իրավիճակի շուրջ, ուր ընդգծւեց սոյն շրջանում հայերէն լեզւի իրաւական կարգավիճակի բացակայութիւնը, իշխանութիւնների կողմից ստեղծւած խոչընդոտները հոգեւոր եւ մշակութային հարցերում, հայկական եկեղեցիների ու յուշակոթողների իւրացումը եւ ջաւախքահայութեան նկատմամբ կիրառւած խտրականութեան քաղաքականութիւնը, որի առաջացման մէջիրուրոյն դերն է ունեցել յատկապէս սոյն երկրումաշխատող թուրք-ադրբեջանական գործօնը:

Վարուժ Մովսիսեանն նշելով, որ Ջաւախքը ազգային ինքնակառավարման կարգավիճակ չունենալու պատճառով, չի կարողացել իր դերակատարութիւնն ունենալ շրջանում եւ երկրում, աւելացրեց, թէ միջազգային բեմերից շարունակ պէտք է յիշեցնել՝ Վրաստանում վտանգը ոչ թէ հայկական, այլ թուրանական է, ինչի փարատման համար անհրաժեշտ է տարածաշրջանի երկրների՝ Իրանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցութեան կայացումը: Նա իրավիճակի բարելաւման ուղղութեամբ ելքերի շարանում կարեւորեց յատկապէս շրջանում Հայ Առաքելական եկեղեցու գործունէութեան ընդլայնումն ու Սփիւռք-Հայաստան ջանքերի համատեղումը:

Բանախօսական ելոյթից յետոյ ցուցադրւեց ՀՕՄ-ի Ջաւախքի օժանդակութեան ծրագրերի յանձնախմբի միջոցով պատրաստւած տեսանիւթը, ուր արտացոլւած էին տարածաշրջանի մասին աշխարհագրական ու հասարակական տեղեկութիւններ, ջաւախքահայութեան դժւարութիւններն ու սոյն յանձնախմբի նախաձեռնութեամբ իրագործւած բարեսիրական աշխատանքները:

Ծրագրի գեղարւեստական բաժնում մենակատարումներով հանդէս եկան Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի երիտասարդ մեներգիչները. Վանանդ Իսաղուլեանը կատարեց «Հայի զաւակ»-ը, Հարմա Կարապետեանի եւ Արայիկ Սիմոնեանի կենդանի նւագակցութեամբ Վանա Շիրւանեանը մեներգեց «Մօր երգը զինւորին»-ը, «Մեր էրգիր»-ը հնչեց Հարմա Կարապետանի միջոցով, իսկ Նարբէ Գրիգորեանը ելոյթ ունեցաւ «Ջաւախեցին քէֆ կընէ» երգով:

Որպէս եզրափակիչ խօսք իր հայրական օրհնանքը փոխանցեց թեմակալ առաջնորդ Հայր Սուրբը, ուր ամենասկզբում գնահատանքի խօսք ուղղեց երեկոյի բանախօսին՝ իր ծաւալած բովանդակալից ելոյթի եւ միջոցառման կազմակերպիչներին ու շրջանի Հայ Դատի յանձնախմբին՝ Ջաւախքին զօրավիգ կանգնելու ուղղութեամբ իրականացրած գործունէութեան համար: Նա իր խօսքի շարունակութեան մէջ անդրադառնալով «Քաղաքականութեան մէջ բարոյականութիւն չկայ» խօսքին, նշեց՝ այսօր անձնական շահերի հիման վրայ վրացիները մոռացել են իրենց վաղեմի հարեւան՝ հայ ազգի բարեկամութիւնը եւ խլում են ջաւախքահայութեան իրաւունքները: Թեմակալ առաջնորդն ընդգծեց նաեւ Սփիւռք-Հայաստան համատեղւած ուժերով ջաւախքին զօրավիգ հանդիսանալու կարեւոր հրամայականը:

Երեկոյի ընթացքում ընդունւեցին ազգային մարմինների ու հաստատութիւնների, ինչու չէ նաեւ ժողովրդի սրտաբուխ նւիրատւութիւնները՝ յօգուտ ջաւախքահայութեան օժանդակութեան հիմնադրամին:

Թղթակից (Նոր Ջուղա)