Կիրո Մանոյան. Քուրդիստանի անկախացումը կարող է ապակայունացում առաջացնել տարածաշրջանում

(yerkir.am) ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքնորոշման իրավունքը բոլորինն է:

«Քուրդիստանում հանրաքվե է, բնականաբար, ինքնորոշման իրավունք ունեն բոլորը, բայց Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի հարցով պետք է մի քիչ սպասել` տեսնելու համար` հետագա ինչ քայլեր կլինեն, և ըստ այդմ էլ կողմնորոշվել»,- ասաց նա:

Մանոյանի կարծիքով` Արցախը ճիշտ է արել, որ ողջունել է այդ հանրաքվեն և կոչ արել` հետագա զարգացումները լինեն խաղաղ:

Խոսելով այն մասին` ինչ դիրքորոշում պետք է ընտրի Հայաստանը, նա կրկնեց, որ անհրաժեշտ է սպասել` հասկանալու համար հենց Իրաքյան Քուրդիստանի դիրքորոշումը: «Դեռ պարզ չէ, Քուրդիստանն այս հանրաքվեն օգտագործելու է անկախություն հաստատելո՞ւ, թե՞ Բաղդադի հետ նոր բանակցություններ սկսելու, նոր ուժերի դասավորման համար: Դրա համար էլ պետք չէ շտապել»,- ասաց Մանոյանը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ այն, ինչ ԱԳ նախարարը հայտարարել է` հուսով ենք ամեն ինչ խաղաղ կընթանա, այս պահին առավելագույնն է, որ կարելի է անել:

Ըստ բանախոսի` պետք է նաև հաշվի առնել այն փաստը, որ հենց Իրաքյան Քուրդիստանի ներսում քաղաքական տարաձայնություններ կան նույն այս հանրաքվեի մասին, եթե ոչ` սկզբունքի, ապա առնվազն ժամանակի իմաստով: Բացի այդ, ըստ նրա, Իրաքում կա հայկական համայնք, որի մասն ապրում է Քուրդիստանի շրջանում, բայց նաև կա համայնք Բաղդադում ու Բասրայում:

«Նրանց անվտանգության և իրավունքների հարցերը ևս պետք է հաշվի առնենք: Իրաքյան Քուրդիստանում գտնվող մոտ 4000 հայերից 600-ը իրավունք ունեցել են քվեարկելու, և անկախ նրանից` ինչ են քվեարկել, անհրաժեշտ է հուսալ, որ շարունակությունը կլինի խաղաղ: Պետք է սպասել` հենց Իրաքյան Քուրդիստանն ինչ քայլեր կձեռնարկի, որպեսզի, ըստ այդմ, կարելի լինի կողմնորոշվել»,- հայտարարեց Մանոյանը:

Նրա կարծիքով` Քուրդիստանի անկախացումը կարող է ընդհանուր ապակայունացման հանգեցնել տարածաշրջանում: «Մեր սահմանից ուղիղ գծով նույնիսկ 300 կմ չկա մինչև Իրաքի Քուրդիստան, դրա համար ապակայունացումը վտանգավոր կդառնա մեր տարածաշրջանի համար, եթե սկսվեն մեծածավալ ռազմական գործողություններ, որի մասնակիցը կդառնան տարբեր պետություններ, և իսկապես ապակայանուցումը կհասնի մեզ շատ արագ»,- նշեց Մանոյանը: