Մանոյան․ Հայաստանի նախագահի խոսքը ՄԱԿ-ում ուղղված էր ոչ թե Թուրքիային, այլ՝ միջնորդներին (տեսանյութ)

(azatutyun.am) Սերժ Սարգսյանի խոսքը ՄԱԿ-ում ուղղված էր ոչ թե Անկարային, այլ՝ միջնորդներին: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅ Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից վերջնաժամկետ տվեց Թուրքիային՝ դեռ 2009-ին կնքված հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար: «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով», – շեշտեց Սերժ Սարգսյանը:

Կիրո Մանոյանը, արձագանքելով նախագահի խոսքին, ընդգծեց՝ Թուրքիայի օրակարգում առաջին կարևոր 50 հարցերի մեջ չեն մտնում Հայաստանի հետ հարաբերությունները:

«Անցել է ժամանակը, որ պետք էր արդեն հետ կանչեինք Հայաստանի ստորագրությունը, բայց ողջունելի է, որ առնվազն այդ ուղղությամբ արդեն կոնկրետ մեկ նոր քայլ է սա: Ես չեմ կարծում՝ այդ վերջնաժամկետը Անկարային է տրված, այլ տրված է ավելի շուտ այդ գործընթացի միջնորդներին, հովանավորներին, որ եթե ինչ-որ բան ունեն անելու՝ անեն», – հայտարարեց դաշնակցական գործիչը:

Մանոյանը չի տեսնում որևէ հիմք՝ ասելու, որ Թուրքիան իր կեցվածքը կփոխի: «Չնայած մենք՝ որպես Դաշնակցություն, գոհ ենք, որ Թուրքիան իր կեցվածքը չի փոխում այս ուղղությամբ, բայց չեմ կարծում, որ իրենք ինչ-որ բան կփոխեն մինչև գարուն, և հուսով ենք, որ նախագահը իր ասածը կանի», – նշեց նա՝ մանրամասնելով․ – «Այն պատճառը, որ Թուրքիան ներկայացրեց՝ փաստորեն գործընթացը կասեցնելու, դա Արցախի հարցի հետ է կապված՝ որ պետք է որ Արցախի հարցում էլ առաջընթաց լինի՝ ըստ իրենց առաջընթաց: Եվ ուրեմն, չեմ տեսնում այդ՝ մինչև առաջիկա մի քանի ամիսը, առավել՝ չեմ կարծում, որ Հայաստանի հետ հարաբերությունները կամ հայության հետ նույնիսկ ընդհանուր առմամբ հարաբերությունները Թուրքիայի օրակարգի վրա այսօր առաջին 50-ի մեջ են: Թեև պետք չէ բացառել, որ ինչ-որ քայլեր կարող է անեն: Ժամանակին խոսվում էր, որ երկու արձանագրություններից մեկը կարող է վավերացնել, և այլն՝ նեղ կացության մատնելու համար Հայաստանին, իսկ մեր Սահմանադրական դատարանը ասել է, որ այդ երկուսը իրականում մեկ են»:

«Եթե ոչ՝ կնշանակի, որ մենք գարնանը կարձանագրենք, որ այլևս փակված է հայ-թուրքական հաշտեցման հերթական մի փորձի էջը», – այս դիտարկմանը Կիրո Մանոյանը արձագանքեց․ – «Իրականում համարյա թե արդեն փակված է, բայց պայմանագրերը, միջազգային իրավունքի համաձայն, ստորագրված, թեկուզ՝ չվավերացված, տակավին ունեն որոշ չափով իրավական, բայց նաև մեծ չափով՝ քաղաքական արժեք: Դրա համար էլ անհրաժեշտ է, որ հակառակ, որ համարյա արդեն տապալված էին, բայց իսկապես սպանվեն, այսպես ասած, այդ արձանագրությունները, առնվազն այս դեպքում Հայաստանը ստորագրությունը հետ կանչի: Թուրքիան կարող է առիթը օգտագործի Հայաստանին մեղադրելու և այլն, բայց կարծում եմ՝ այս ամբողջ ժամանակը, որ տրվեց նաև միջազգային համայնքին, հանրությանը, նաև Թուրքիային, բոլորի համար պարզ կդարձնի, որ իրական մեղավորը այս ամբողջ գործընթացի տապալման Թուրքիան է»:

«Եվ մենք կարծում ենք՝ պետք է որ ընդամենը շատ պարզ, հստակ, կարճ մեկ նախագիծ դնենք սեղանի վրա և իզուր տեղը ժամանակ չվատնենք այլևս՝ Թուրքիայի այս իշխանությունների հետ, ոչ այլ իշխանության հետ: Այդ պարզ նախագծում պետք է ասվի՝ երկու պետությունները որոշել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել, երկու պետությունները որոշել են ցամաքային ճանապարհները բացելով իրենց տնտեսական հարաբերություններ ուղղակի օրինական հաստատեն, որովհետև այսօր ինչ որ մենք ներկրում ենք՝ Թուրքիայի տեսանկյունից անօրեն է, և երրորդ՝ երկու պետությունները որոշել են իրենց միջև առկա բոլոր խնդիրները կարգավորեն խաղաղորեն, միջազգային իրավունքի և փորձի հիմքի վրա: Եթե կլինի իշխանություն, որ սա կստորագրի, դա կլինի առանց նախապայմանների հարաբերություն», – ասաց Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․