Թուրքիայի համար կարևորը Արցախի հարցում Հայաստանի վրա ճնշում ունենալն է

(arfd.info) ՀՅԴ-ն ողջունում է այդ հայտարարությունը և հույս ունի, որ ոչ մի դրական փոփոխություն արձանագրությունների գծով տեղի չի ունենա, և նախագահն իր ասածը կանի հաջորդ գարնան նախօրեին. Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները մինչև 2018-ի գարուն հայտարարելու է առ ոչինչ:

Մանոյանը նշեց նաև, որ նախագահի հայտարարությունը փոքր-ինչ ուշացած է: «Վստահ եմ, որ ՀՀ նախագահն էլ չի հավատում, որ որևէ դրական տեղաշարժ է լինելու այդ առումով, ուրեմն Հայաստանն իր ստորագրությունը հետ կվերցնի: Մենք սպասում ենք այդ օրվան: Դա շատ ճիշտ որոշում էր: Կարծում եմ` նախագահը կարող էր ասել, որ արդեն հետ ենք վերցնում, բայց, հավանաբար, ցանկացավ առիթ տալ ոչ միայն Թուրքիային, այլև, ընդհանրապես, այդ գործընթացի միջնորդներին, հովանավորներին, որպեսզի եթե անելիք ունեն` ահա իրենց ինչ-որ ժամանակ, որ քայլեր ձեռնարկեն»,- ասաց Մանոյանը:

Նա նշեց նաև, որ նախագահը վաղուց էր ասել, որ, ի վերջո, նման քայլի է գնալու: Մանոյանի կարծիքով` Թուրքիան այնքան ներքին ու արտաքին խնդիրներ ունի, որ Հայաստանի հետ արձանագրությունների հարցը նրա օրակարգում գրեթե չկա, իսկ եթե կա, վերջին տեղում է:

«Չի բացառվում, որ Թուրքիան կիսատ ինչ-որ քայլեր անի, ասենք` արձանագրություններից մեկն ընդունի, մյուսը` ոչ, սակայն կարծում եմ` Հայաստանը դա չի ընդունի: Թուրքիայի համար կարևորը Արցախի հարցում Հայաստանի վրա ճնշում ունենալն է, իսկ եթե այդ ճնշումը չի աշխատում, չեմ կարծում, որ նրանք կստորագրեն այդ արձանագրությունները»,- ասաց Մանոյանը:

Որպես նախագահ՝ ՄԱԿ-ում Սարգսյանի վերջին ելույթն էր, որին տրվեց պատմական կնիք. Կիրո Մանոյան

(aysor.am) ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը ուշացած էր, բայց «շատ ճիշտ»:

«Ուշացած, բայց շատ ճիշտ հայտարարություն էր: Լավ է, որ արվեց նման հայտարարություն», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սերժ Սարգսյանի ելույթը:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար դրական տեղաշարժ չի եղել և այդ պատճառով Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ։

«Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների», -հայտարարել էր Սարգսյանը:

Հարցին, թե արդյոք նախագահի ելույթում շեշտված մինչև գարուն ժամանակահատվածը թուրքական կողմի համար տեղ չի՞ թողնում ընդառաջ քայլ կատարելու, Մանոյանը պատասխանեց. «Իհարկե, ինչ-որ տեղ թողնվում է, որ եթե հանկարծ Թուրքիան, հովանավորները եթե բան ունենան անելու, անեն: Բայց հույս ունեմ՝ չեն անի»:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Սարգսյանի գնահատականներին, Մանոյանը դրանքը ողջունելի համարեց: «Վերջին ամիսներին արդեն երևի 20-րդ անգամն է, որ նախագահը հայտարարում է, թե առաջնայինը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, իսկ մնացյալ հարցերը ածանցյալ են», – ասաց Մանոյանը:

Դաշնակցական գործիչը նկատեց՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից որպես նախագահ այս ելույթը Սերժ Սարգսյանի վերջին ելույթն էր: Դաշնակցականի տպավորությամբ, Սարգսյանը ցանկացել էր իր ելույթին տալ «պատմական կնիք»:

«Նախագահը ցանկացել էր իր ելույթին տալ պատմական կնիք և դա նրա մոտ ստացվել էր: Որպես նախագահ՝ նրա վերջին ելույթն էր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից, և ելույթի բովանդակությունն այնպիսին էր, որ կարծում եմ՝ ժամանակը կգա հաստատելու, որ դա պատմական ելույթ էր», – հավելեց Մանոյանը: