Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն իրականում փոխվել է. Կիրո Մանոյան

Aparaj.am-ի հարցազրույցը ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ:

– Պարոն Մանոյան, արդեն տեղեկություններ են հրապարակվել, ըստ որի՝ Թուրքիայում ստեղծվել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի հատուկ հանձնաժողով, ինչը գործելու է Թուրքիայի վարչապետի անմիջական վերահսկողության ներքո: Ի՞նչ եք կարծում, այդ հանձնաժողովը որքանո՞վ է խոչընդոտելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նախատեսվող ծրագրերի իրականացմանը եւ, առհասարակ, ի՞նչ հնարավոր հարված կարող է այն ենթադրել ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի աշխատանքներին:

– Թուրքիայում ստեղծված այդ հատուկ հանձնաժողովը նոր է կազմվել, բայց նոր չէ Թուրքիայի վարչապետարանում նույն նպատակի համար գործող գրասենյակը: Կարծում եմ՝ այդ հանձնաժողովը գործելու է նույն այդ գրասենյակի աշխատակազմի միջոցով։ Նոր կազմության մասին հայտարարությունը, ենթադրում եմ, քաղաքական կեցվածք հրապարակելու համար է եւ ոչ թե նոր գործունեության սկիզբ։ Այդ գործունեությունն արդեն առկա է Թուրքիայի կողմից։ Այս նոր հայտարարությունը, կարծում եմ, այն պատճառով է, որ համայն հայությունը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին տարբեր բնույթի միջոցառումներով։ Միաժամանակ, պիտի արձանագրել, որ 2014թ. այս մի քանի ամիսների ընթացքում, երկու եվրոպական ազդեցիկ, ՆԱՏՈ-ում Թուրքիայի դաշնակից պետությունների ղեկավարներ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը, ակնարկելով Հայոց ցեղասպանությունը, Թուրքիային կոչ արեցին ընդունել սեփական պատմությունը։ Կարծում եմ՝ միջազգային այս մթնոլորտն է, որ անհանգստացրել է Թուրքիային, եւ այդ պատճառով էլ կատարվեց հանձնաժողովի մասին հայտարարությունը։ Չեմ կարծում, որ Թուրքիայի այս նոր հնարքը կկարողանա խոչընդոտել մեր աշխատանքները, որովհետեւ մեր տասնամյակների աշխատանքն արդեն տվել է իր դրական արդյունքը եւ միջազգային հանրության մոտ ստեղծել համապատասխան մթնոլորտ՝ ինչպես տեսանք Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարների կոչերում։

– Ի՞նչ եք կարծում, Թուրքիայի ժխտողական քաղաքականության բյուրեղացումը, հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, կարո՞ղ է հակառակ ազդեցությունն ունենալ հենց Թուրքիայի համար` միջազգային հանրության հարթակներում:

– Կարծում եմ՝ այդպես էլ կլինի, որովհետեւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը հիմնված է իրականությունը խեղաթյուրելու վրա, եւ անկախ նրանից, թե քանի գրասենյակ կամ հանձնաժողով կաշխատեցնեն, այդ քաղաքականության հիմքը մնում է նույն սուտը։ Իսկ միջազգային հանրությունը գիտի իրականությունը: Եթե մի շարք պետություններ առայսօր մերժում են՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դրա պատճառն այն չէ, որ նրանք դրա մասին չգիտեն. բոլորն էլ գիտեն։ Եվ 100-ամյակն ինքնին պարտադրում է բոլորին՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեղսակից չդառնալ։ Այնպես որ, Թուրքիայի ամեն մի նոր ժխտողական քայլ ստեղծելու է համարժեք ու համապատասխան հակազդեցություն միջազգային հանրության մոտ, հատկապես՝ մեր՝ հայության մղումով։

– Այս հանձնաժողովը նպատակ ունի լուրջ աշխատանքներ ծավալել հատկապես Հայկական սփյուռքի աշխատանքներին խոչընդոտելու համար: Այս ֆոնին, երբ այլեւս տատանվելու եւ երկմտելու տեղ չկա, հնարավո՞ր է Հայաստանի պաշտոնական դիրքորոշման վերանայում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

– Կարծում եմ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն իրականում փոխվել է: Հայաստանի իշխանություններն այլեւս չունեն այն խաբկանքը, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, շրջափակումը հանել՝ առանց նախապայմանների։ 2009թ. Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից մեկ տարի անց, արդեն բարձրագույն մակարդակի վրա այդ մասին հայտարարություններ էին կատարվում ՀՀ իշխանությունների կողմից։ Խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները չեն ուզում որեւէ քայլ ձեռնարկել, օրինակ՝ ստորագրությունը հետ վերցնել արձանագրություններից, որը կարող է Արեւմուտքի կողմից մեկնաբանվել՝ որպես ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորություններից հրաժարում։ Մինչդեռ, ՀՀ իշխանությունները պարտավոր են՝ այն լծակը, որ Թուրքիային են տվել այդ արձանագրությունները, հետ վերցնել Թուրքիայի ձեռքից. Դա պետք է անել մինչեւ 2015 թվականը։

Հարցազրույցը` Անի ԱԶԱՏՅԱՆԻ