Անընդունելի է Դաշնակցությանը կասկածել այլասիրության քաղաքականություն վարելու մեջ

Բացասական արձագանքը սխալ հասցեագրված է. Կիրո Մանոյանը՝ ռուսաց լեզվի հայեցակարգի մասին

(tert.am) ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին Tert.am-ի հետ զրույցում կարևորեց այսպիսի համաժողովների իրականացում, քանի որ այն համախմբում է բոլորին: Նա նշեց, որ այնպես չէ, որ Հայաստանը իշխանությունների անունից մեկ ձայնով կարող է խոսել և ոչ էլ սփյուռքն է կարող մեկ ձայնով բոլորի անունից խոսել:

«Շատ հիմնախնդիրներ կան, բայց չի կարելի է ասել, որ բոլորն է այստեղ բարձրաձայնվում, մի շարք հիմնախնդիրներ բարձրացվում են որոշներն էլ՝ ոչ: Չեմ կարծում սա այն ֆորմատն է, որ ներքին խնդիրները բարձրացվեն, բայց կարելի է այնպես անել, որ որոշ չափով դրանք ևս ներկայացվեին»,-ասաց նա և նշեց, որ համագումարը համախոհություն ձևավորելու նպատակ ունի:

Անդրադառնալով ռուսերեն լեզվի հայեցակարգին և դիտարկմանը, որ մեղադրանքները հնչում են, որ հենց դաշնակցական նախարարի կողմից է դա իրականացվում, Կիրո Մանոյանն ասաց.«Ես կարծում եմ, որ այդ բացասական արձագանքը սխալ հասցեագրված է, սկսած Դաշնակցությունից և անձից: Խեղաթյուրվում է խնդիրը, ոչ մեկ չի ասում, որ ռուսերենը պետական լեզու դառնա, բայց պետք է ընդունենք, որ անհրաժեշտ, որ կրթական համակարգում բարձր մակարդակի լինի օտար լեզուները, այդ թվում ռուսերենը»,-ասաց նա և նկատեց, որ ռուսերենը մեզանում արդեն տարածված է և կան այլ խնդիրներ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ:

Ըստ նրա՝ այս բոլորը նկատի ունենալով, անհրաժեշտ է, որ կարևոր դեր ունենա ռուսերենը, սակայն համարել, որ այն վտանգ է ներկայացնում, ծիծաղելի է:

Նա անընդունելի համարեց, որ Դաշնակցությանը կարող են կասկածել այլասիրության քաղաքականություն վարելու համար: Ըստ նրա՝ ճիշտ է, որ ռուսերենին առավել կարևորություն տրվի, կարևորվեն նաև մյուս լեզուները, որ «չապրենք սարերի գլխին՝ մենակ»: