Բոլորս էլ ուզում ենք, որ Հայաստան-ԱՄՆ կապերը հզորանան, բայց պետք է Հայաստանի ցանկություններն էլ բավարարվեն

(tert.am) Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը tert.am-ի հետ զրույցում խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների և Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի մոտեցումների մասին:

– Պարո՛ն Համբարյան, ամերիկացի դիվանագետները վերջերս շատ են խոսում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին, համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հեռանալուց առաջ ներկայացրեց հիմնախնդրի կարգավորման մոտեցումներ: Դրան անդրադարձավ նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Ըստ Ձեզ՝ դա պայմանավորված է համանախագահի հեռացմամբ, թե՞ ԱՄՆ-ը ցանկանում է իր քաղաքականությունն այս տարածաշրջանում, նաև՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում ակտիվացնել:

-Այդքան էլ պարզ չէ, թե ինչու ամերիկացի համանախագահը նման հայտարարություն արեց, բայց բոլորս էլ գիտենք, որ ներկայացվածը Մադրիդյան սկզբունքներն են, իսկ դրանք, բոլորն էլ հասկանում են, որ արդար չեն:

-Դուք դժգոհություն հայտնեցիք Ռիչարդ Հոգլանդի հայտարարության վերաբերյալ, դե՞մ եք այն մոտեցումներին, որն առաջարկում է Միացյալ Նահանգները:

-Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, բայց դեմ ենք Մադրիդյան սկզբունքներին: Այն մեծացնում է Ադրբեջանի ագրեսիան և ստեղծում է ռիսկեր դեմոկրատական և խաղաղ Արցախի համար: Այն անարդար է, և պահանջում է հայկական կողմին այսօր կազմել ռազմավարական կոնցեպտ՝ վաղը Ադրբեջանից ստանալով խոստումներ:

-Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ուշագրավ դիտարկումներ է արել Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ՝ նշելով, որ ԱՄՆ-ը պատրաստ է Հայաստանին ինքնիշխանության գործիքներ տալ, իրենց համար կարևոր է, որ Հայաստանն ինքնուրույն լինի: Ինչո՞վ եք պայմանավորում դեսպանի այդ դիտարկումը, ի՞նչ գործիքների մասին է խոսում ամերիկացի դիվանագետը:

– Երբ դեսպան Միլսը նման հայտարարություններ է անում, մենք դրանց հետ համաձայնում ենք, և սպասում ենք, որ փաստեր տեսնենք: Օրինակ՝ ցանկանում ենք, որ Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ լինեն, ԱՄՆ-ի հազարամյակների մարտահրավերներ ծրագրում Հայաստանը ներգրավվի և այլն: Բոլորս էլ համաձայն ենք, ուզում ենք, որ Հայաստան-ԱՄՆ կապերը հզորանան: Բայց մենք կտենենք առաջընթաց, առաջընթացը կկարողանանք չափել, երբ նաև Հայաստանի ցանկությունները բավարարվեն:

– Պարո՛ն Համբարյան, Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսում է նաև Էներգետիկ ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների մասին: Անգամ 8 միլիարդ դոլարի ներդրումներ է խոստանում: Ձեր կարծիքով՝ ո՞րն է խնդիրը , որ խոսվող համագործակցությունները կյանքի չեն կոչվում, հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ը ունի պահանջներ, որոնց չենք բավարարում:

– Պետք է խոսքերից անցնենք գործողությունների, քայլ պետք է տեսնենք: Երկու կողմերն էլ մեղավոր են, որ հարաբերություններում խոսքից գործ անցում չի լինում, երկու կողմերն էլ կարիք ունեն, որ առաջընթաց լինի, և մենք մղում ենք առաջ երկու երկրների զարգացումը, բայց պետք է տեսնենք նաև այդ առաջընթաց, պտուղներ և չպետք է սպասենք: Խնդիրներ կան Երևանում, խնդիրներ կան Վաշինգտոնում, բայց խնդիրները միշտ լինելու են, դրա համար պետք է սկսենք քայլեր անել, մեր հարաբերություններում մեկ քայլ առաջ գնալ:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է նշանակվել Էնդրյու Շոֆերը: Ի՞նչ կարծիք ունեք նրա մասին, պարո՛ն Համբարյան:

– Նրան շատ լավ չգիտենք, բայց կարող եմ ասել, որ շատ վատ էր, որ Ռիչարդ Հոգլանդը Ղարաբաղյան կարգավորման կետերը ներկայացրեց նոր համանախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ՝ նրան վատ վիճակի մեջ դնելով: Ավելի լավ կլիներ, որ նրան գործ տային, սովորեր հիմնախնդրի մասին: Մենք վստահ ենք, որ Մադրիդյան ծրագիրը ապագա չունի, տասը տարի է՝ ասել ենք, որ այս ծրագիրը չպետք է իրականանա: Ավելի լավ կլիներ, որ թողնեին՝ Շոֆերը մի քանի ամիս աշխատեր, սովորեր, վստահ ենք, որ ավելի շատ բան կսովորեր: