«Վերջին բնակիչը» յայտնւեց «Կոմիտաս»-ում

«Վերջին բնակիչը» յայտնւեց «Կոմիտաս»-ում

(ԱԼԻՔ ՕՐԱԹԵՐԹ, մայիսի 10) – Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի (ՀՈՒՍԿ) նախաձեռնութեամբ, երէկ՝ մայիսի 9-ին Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում ցուցադրւեց շնորհաշատ ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» ֆիլմը: Ֆիլմի ցուցադրումը նւիրւած էր մայիսեան յաղթանակներին:

Միջոցառման սկզբում Հայ Դատի յանձնախմբի նախագահ Արամ Շահնազարեանը ներկայացրեց նման ֆիլմերի նկարահանման անհրաժեշտութիւնն ու կարեւորութիւնը քարոզչական ասպարէզում` ադրբեջանական կողմի հակահայկական ու հակաարցախեան հակաքարոզչութեանն ու ապատեղեկատւութեանը դիմակայելու առումով: Նա նշեց, թէ ֆինանսական սուղ պայմաններում ինչպիսի մեծ հերոսութիւն է Ջիւան Աւետիսեանի նախաձեռնած աշխատանքը՝ ներկաներին կոչ անելով իրենց լուման ներդնել ազգանւէր եւ կարեւոր այս աշխատանքում:

Ֆիլմի նկարհանման ընթացքի, դրա սցենարի եւ կատարւած հսկայածաւալ աշխատանքի մասին ելոյթով հանդէս եկաւ Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, որն անմիջականօրէն ականատես է եղել, թէ ինչպիսի դժւարին պայմաններում եւ ինչ անյաղթահարելի թւացող խոչընդոտների յաղթահարման շնորհիւ է հնարաւոր եղել նկարահանել այս ֆիլմը:

Ժործիկ Աբրահամեանը յատուկ կարեւորեց այն հանգամանքը, որ Ջիւանին յաջողւել է ֆիլմում համախմբել տարբեր ազգութիւնների դերասանների, այդ թւում, նաեւ, իրանցի ճանաչւած դերասան Հոմայուն Էրշադիին:

Ժորժիկ Աբրահամեանի ելոյթից յետոյ ցուցադրւեց ֆիլմը, որը յուզումնալից բազմաթիւ պահեր պարգեւեց հանդսատեսին՝ նրանց ներքաշելով հակամարտութեան արհաւիրքն ու ողբերկութիւնն ապրող ֆիլմի հերոսների ներաշխարհը:

Չափազանց մարդկային այս ֆիլմն իր մէջ հզօր պատգամ էր պարունակում այն մասին, որ հաշւի չառնելով ազգային պատկանելութիւնը, դաժան պատերազմն անգամ չի կարող մարդու մօտ վերջ դնել նւիրական ու մարդկային արժէքներին՝ ընդգծելով խաղաղութեան համազգային եւ համամարդկային արժէքը:

Նշենք, որ ծագումով Արցախցի Ջիւան Աւետիսեանը պատերազմի տարիներին մեծացել եւ հասակ է նետել Արցախում: Նա ականատեսն է եղել իր ընտանիքի, հարազտների եւ համագիւղացիների դիմակայած դժւարութիւններին՝ սեփական մաշկի վրայ զգալով պատերազմի արհաւիրքը:

Վերջին տարիների ընթացքում Ջիւան Աւետիսեանն Արցախի մասին նկարահանել մի քանի փաստավաւերագրական կարճամետրաժ ֆիլմեր՝ նպատակ ունենալով միջազգային հանրութեան մօտ ճանաչելի դարձնել Արցախն ու ԼՂ հակամարտութեան հետ կապւած ողջ իրականութիւնը:

Այս թեմայով «Վերջին բնակիչը» Ջիւան Աւետիսեանի նկարահանած երկրորդ լիամետրաժ՝ խաղարկային ֆիլմն է:

Նախքան «Վերջին բնակիչը» նա նկարահանել է «Թեւանիկ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, ինչպէս նաեւ՝ «Ընդհատւած մանկութիւն» ոչ լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որոնք նոյնպէս ցուցադրւել են Թեհրանում:

Ֆիլմի ցուցադրման աւարտից յետոյ Հայ Դատի յանձնախմբի անդամ Իսակ Իւնանեսեանը ներկաներին մէկ անգամ եւս կոչ արեց իրենց լուման ներդնել Ջիւանի ապագայ ֆիլմերի նկարահանման աշխատանքում, եւ բեմ հրաւիրեց նրան, որն էլ իր շնորհակալութեան եւ երախտիքի խօսքն յայտնեց Ներկաներին, Հայ Դատի յանձնախմբին եւ բոլոր նրանց՝ ովքեր նպաստել են ֆիլմի նկարահնման աշխատանքներին:

Յիշեցնենք, որ միջազգային ասպարէզում «Վերջին բնակիչը» հասել է ակնառու յաջողութիւնների: Այն ցուցադրւել է միջազգային մի շարք հեղինակաւոր կինոփառատօններում՝ առաջադրւելով 2017 թւականի «Ոսկէ գլոբուս» մրցանակաբաշխութեանը՝ լաւագոյն «Օտարալեզու ֆիլմ» անւանակարգում: