Հայ Դատի Հոլիվուդի Յանձնախումբն Իրաւաբանական Խորհրդատուութիւն Տրամադրեց Համայնքին՝ Ներգաղթեալների Մասին Նոր Հրամանագրերի Շուրջ

(ԱՍՊԱՐԷԶ, 12 Ապրիլ) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանային ու հանրային անվտանգութեանն առնչուող հրամանագրերն ի՞նչ ազդեցութիւն կարող են ունենալ ներգաղթեալների համար, ովքե՞ր են հրամանագրերում նշուած թիրախային խմբերը, գործող օրէնքի շրջանակներում ի՞նչ իրաւունքներ ունեն ներգաղթեալները: Այս հարցերի շուրջ հայ համայնքին տեղեկութիւններ տրամադրելու, եւ տիրող անորոշութիւնները պարզաբանելու նպատակով, Հոլիվուդի Հայ Դատի յանձնախումբը կազմակերպել էր Իրաւաբանական անվճար խորհրդատուութիւն:

Ապրիլի 6ին, Հոլիվուդի Հայ Կենտրոնում, ոլորտի ճանաչուած մասնագէտները՝ ներգաղթեալների հարցերով փաստաբան Աշլի Աշխէն Գամբուրեանն ու Քրէական հարցերով փաստաբան Լարա Երէցեանը մանրամասն տեղեկութիւններ տրամադրեցին ներկաներին, պատասխանեցին բոլոր հարցերին, եւ անհատական խորհրդատուութիւն տրամադրեցին ցանկացողներին: Լարա Երէցեանը, ով նաեւ Հայ Դատի Հոլիվուդի յանձնախմբի համանախագահն է, նշեց, որ լինելով ամերիկահայկական կազմակերպութիւն, փորձում են մշտապէս անդրադառնալ թեմաների, որոնք առնչւում են հայ համայնքին եւ կազմակերպել ձեռնարկներ, որոնց միջոցով կարող են օգտակար լինել: Ըստ Երէցեանի, հայ ներգաղթեալների շրջանում, նախագահի հրամանագրերը մտահոգութիւններ էին առաջացրել, եւ Հոլիվուդի յանձնախումբն արձագանգելով համայնքին՝ կազմակերպեց իրաւաբանների հետ հանդիպում: Աշլի Գամբուրեանն էլ յայտնեց, որ չնայած յագեցած աշխատանքային օրակարգին, միշտ պատրաստ է օգտակար լինել հայրենակիցներին, եւ սիրով է համաձայնել մասնակցել ձեռնարկին:

Փաստաբանների հետ հանդիպմանը ներկայ Հոլիվուդի եւ յարակից քաղաքների բնակիչները հնարաւորութիւն ստացան անկաշկանդ միջավայրում պատասխաններ ստանալու իրենց մտահոգող հարցերի շուրջ:

«Ողջունելի էր Հայ Դատի Հոլիվուդի կազմակերպած այս ձեռնարկը, եւ շատ տեղեկատուական, յատկապէս վերջին շրջանում նոր հրամանագրերի հետ առաջացած անորոշութեան պայմաններում: Սպառիչ պատասխաններ ստացայ իմ բոլոր հարցերին», նշեց ձեռնարկին մասնակից Յասմիկ Ա.ն: Ներկաներից Գայիանէն էլ շնորհակալութիւն յայտնելով նախաձեռնութեան համար, նշեց, որ երկրորդ անգամ է մասնակցում Հայ Դատի Հոլիվուդի յանձնախմբի կողմից կազմակերպուած իրաւաբանական խորհրդատուութեան, եւ ուրախ է, որ Հոլիվուդում գործում է համայնքի խնդիրներով մտահոգ նման կազմակերպութիւն. «Ես հետեւում եմ, եւ մշտապէս փորձում եմ ներկայ լինել այս յանձնախմբի ձեռնարկներիին, որոնք անդրադառնում են արդիական հարցերի, եւ միաժամանակ աշխուժութիւն են ստեղծում Հոլիվուդի հայ համայնքի շրջանում»:

Հայ Դատի Հոլիվուդի յանձնախմբի խորհրդի անդամ Մհեր Քեշիշեանն էլ ներկայացրեց փաստաթուղթ չունեցող ներգաղթեալների համար առողջապահական համակարգում ներկայում առկայ հնարաւորութիւնները (ցանկացած տեսակի բուժօգնութիւն՝ ներառեալ վիրահատութիւններ, եւ խրոնիկ հիւանդութիւնների համար դեղորայք (օր.՝ շաքարախտ, արեան ճնշում, երեւանեան հիւանդութիւն, եւ այլն): Այս մասին մանրամասն տեղեկութիւններ կարելի է ստանալ՝ զանգահարելով 747-222-8551 հեռախօսահամարով (All for Health, Health for All):

Անդրադառնով հրամանագրերին, Աշլի Աշխէն Գամբուրեանը յայտնեց, որ ներգաղթեալների մասին որեւէ նոր օրէնք չի ընդունուել, եւ կիրառւում է գործող օրէնքը: «Պարզապէս նախագահն ու իր վարչակազմը իրաւունք ունեն իրենց հայեցողութեամբ գործող օրէնքները կիրառելիս առաջնահերթութիւններ սահմանել: Ըստ այդմ, հրամանագրերն առաւելապէս վերաբերում են այն ներգաղթեալներին, ովքեր՝ դատապարտուել են, կամ նրանց մեղադրանք է ներկայացուած որեւէ քրէական յանցանքի համար, պետական կառոյցներին դիմելիս որեւէ կեղծիքի են դիմել, չարաշահել են հանրային արտօնութիւնները, գաղթականների հարցերով ծառայութեան պաշտօնեայի համոզմամբ վտանգում են հանրային ապահովութիւնն ու ազգային անվտանգութիւնը, դատարանի վերջնական վճռով ենթակայ են եղել երկրից վտարման», յայտնեց Գամբուրեանը:

Առաջնահերթութիւնների ցանկում նշուած յանցանքներից որոնք են համարւում առաւել ծանր հարցին, Լարա Երէցեանը պատասխանեց. «Դժուար է հակիրճ պատասխան տալ: Ընդհանրացնելով նշեմ, որ առաւել ծանր են համարւում այն յանցանքները, երբ բռնութիւն է գործադրուել՝ մարդասպանութիւն, բռնաբարութիւն, առեւանգում: Բաւական ծանր հետեւանքներ կարող են ունենալ ընտանեկան բռնութեան, խարդախութեան (fraud), թմրանիւթերի հետ կապուած յանցանքները»:

Երկարամեայ փորձառութիւն ունեցող, եւ ոլորտում հեղինակութիւն վայելող փաստաբանները ներկաներին, ինչպէս նաեւ համայնքի ներկայացուցիչներին խորհուրդ տուեցին խնդրի առկայութեան դէպքում չմտահոգուել, քանզի հաւանականութիւնը մեծ է, որ փաստաբանի օգնութեամբ հնարաւոր է ելքեր գտնել իրավիճակից:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Լուսանկար – Ձախից՝ Աշլի Աշխէն Գամբուրեան, Լարա Երէցեան