Շրջանակային համաձայնագիրը 1-2 աստիճանով ցածր է Ասոցացման համաձայնագրից, սակայն կարեւոր է Հայաստանի բարեփոխումների համար. ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբ

(news.am) Հայաստան–Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագիրն ամենայն հավանականությամբ կստորագրվի մինչեւ տարվա վերջ: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի խոսնակ Բեդո Դեմիրճյանը:

«Ստորագրվելիք համաձայնագիրը մեկ-երկու աստիճան ցածր է Ասոցացման համաձայնագրից, սակայն կարեւոր է Հայաստանի բարեփոխումների համար՝ իրավական, դատական, վարչական: Պետք է լավ հիշենք, որ Եվրոպական միությունն ամենամեծ դոնորն է Հայաստանի համար: Կհավատանք, որ Հայաստանի Հանրապետության համար այս համաձայնագիրը մեծ հաջողություն է, որն առիթ կտա խորհրդարանական համակարգով եւ այս նոր համաձայնագրով հաջողություններ գրանցել: Այստեղ շատ կարեւոր է նաեւ քաղաքական կամք ունենալը, որպեսզի համաձայնագրի կետերը իրականություն դարձվի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Բրյուսելում Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ կողմերն ավարտել են բանակցությունները:

«Նոր իրավական փաստաթուղթը՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը»,- ասել էր նա: